Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Գործում է շարունակական կապիտուլյացիայի տրամաբանությունը

Գործում է շարունակական կապիտուլյացիայի տրամաբանությունը
10.07.2025 | 19:58

Աբու Դաբիի հանդիպումից հետո պաշտոնական Երևանի տարածած հաղորդագրության մի դրվագի վրա ուզում եմ հատուկ կենտրոնանալ:

«Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը»,- ասված է պաշտոնական Երևանի տարածած տեքստում:

Նման արձանագրումը միանգամայն բխում է Բաքվի շահերից ու ճիշտ հակառակը՝ բանակցային գործընթացը ծուղակ է դարձնում Երևանի համար:

ՈՒժային դիսբալանսի պայմաններում ուղղակի բանակցություններն օգտակար են միայն այն պարագայում, երբ կողմերն իսկապես ձգտում են փոխզիջման։

Որևէ մեկը, ով ամեն օր հետևում է Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարություններին կամ պետական պրոպագանդայի թեզերին, հիմնավորապես կպնդի հակառակը՝ Բաքուն Երևանից ձգտում է ստանալ առավելագույնը:

ՈՒղղակի բանակցությունները ներկայիս ուժային անհավասարության պայմաններում Հայաստանի համար կարող են շատ ավելի ռիսկային լինել, քան օգտակար, հատկապես եթե բացակայում են միջազգային հարթակներ, որոնք կարող են ապահովել բալանս, ճնշում և երաշխիքներ։

Որո՞նք են ուղղակի բանակցությունների վտանգները Հայաստանի համար:

Ադրբեջանն օգտվելով ուժային առավելությունից, կարող է Հայաստանին պարտադրել միակողմանի պահանջներ:

Օրինակ, տարածքային զիջումներ սահմանազատման անվան տակ, միջանցքային տրամաբանություն՝ կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացում, փախստականների վերադարձ, բանակի կարողությունների կրճատում և այլն:

Միջնորդները որոշակիորեն հավասարակշռում են կողմերի դիրքավորումը՝ հատկապես թույլ կողմի՝ Հայաստանի շահերը պաշտպանելու տեսանկյունից։ Առանց այդ միջնորդների, բանակցային սեղանին կողմերը չեն գործում որպես հավասար սուբյեկտներ։

Ըստ այդմ, գործում է շարունակական կապիտուլյացիայի տրամաբանությունը:

Միջնորդական ձևաչափերում գործում են վերահսկողության, մոնիտորինգի և հստակ արձանագրման մեխանիզմներ։ Առանց դրանց՝ հայ- ադրբեջանական պայմանագիրը, եթե անգամ ստորագրվի, հուսալի խաղաղություն երաշխավորել չի կարող:

Այս գործոնները հաշվի առնելով՝ շարունակում եմ պնդել, որ Նոյեմբերի 9-ի համատեքստը չարյաց փոքրագույնն էր 44-օրյա պատերազմում պարտված Հայաստանի համար:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3009

Մեկնաբանություններ